Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հովանավորությամբ և «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ, ԵՊՀ շրջանավարտ ու երկարամյա դասախոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի նախաձեռնությամբ և կազմակերպությամբ ԱՄՆ-ի Բրբանք քաղաքում տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների առաջին հավաքը՝ արժևորելու համալսարանի ժառանգությունը և քննարկելու առաջիկա անելիքները։
«ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամը նախաձեռնություն է, որը ստեղծվել է՝ համախմբելու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած ամերիկահայ մասնագետների ռեսուրսները՝ աջակցելու ԵՊՀ-ում իրականացվող կրթական, հետազոտական և ենթակառուցվածքային ծրագրերին:
Շրջանավարտների առաջին հավաքի բացմանը «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի համահիմնադիր, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը փաստեց, որ նորաստեղծ այս նախաձեռնությունը նվիրումով ու սիրով շարունակելու է իր առաքելությունը՝ նպաստելով ինչպես համալսարանի, այնպես էլ երկրի զարգացմանը։
Այնուհետև «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով շրջանավարտների և համալսարանի միջև հաղորդակցության խթանման կարևորությունը․ «Համակարգված հաղորդակցությունը շահավետ է ոչ միայն շրջանավարտների համար, քանի որ այն ստեղծում է վստահելի ու արհեստավարժ մասնագետների համայնք, այլև մեր կրթօջախի համար՝ հանդիսանալով աջակցության ու զարգացման ամուր լծակ»։
Շրջանավարտների հավաքին տեսաուղերձով մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ փաստելով, որ բոլոր համալսարանականները, անկախ նրանից, թե որտեղ են և ինչ գործով են զբաղվում, շարունակում են միասին ձևավորել ԵՊՀ պատմությունը․ «Այս հավաքն էլ դրա լավագույն ապացույցն է։ ԵՊՀ-ն այսօր անցնում է վերափոխման մի նոր փուլ, որտեղ ձեր աջակցությունը՝ թե՛ մասնագիտական խորհուրդներով, թե՛ տարբեր նախագծերում մասնակցությամբ, անչափ կարևոր է»։
Նրա խոսքով այս հավաքը նաև հնարավորություն է մասնակիցների համար վերստին կապ հաստատելու իրենց ընկերների հետ և քննարկելու ու սահմանելու, թե ինչ նոր հնարավորություններ կարող է ստեղծել համալսարանն իրենց համար․ «Վստահ եմ, որ այս հանդիպումը կլինի միայն սկիզբը շատ այլ գեղեցիկ նախաձեռնությունների, որոնք միասին կյանքի կկոչենք»։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ԵՊՀ շրջանավարտներ «SADA Systems» ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Նազելի Համբարձումյանը, իրավաբաններ Հայկ Մամաջանյանը, Ստեփան Խզրթյանը, Մերի Խաչատրյանը, գրող Մարգարիտ Դերանցը, միջոցառման հյուրընկալ, բարերար Օհան Ղարիբյանը և ուրիշներ՝ հայտնելով իրենց աջակցությունն ու պատրաստակամությունը, ինչպես նաև պաշտոնապես միանալով շրջանավարտների ցանցին։
Տեղեկացնենք նաև, որ շրջանավարտների հավաքին ներկա էին նաև հիմնադրամի խորհրդի անդամներ Սիլվա Կարայանը, Սիլվանա Վարթանեանը, Ռուբէն Աւշարեանը և Վահե Սարգսյանը։ Միջոցառման կայացմանն իրենց աջակցությամբ նպաստել էին հայ բարերարներ Օհան և Թոնի Ղարիբյանները։