Սույն թվականի հուլիսի 30-ին, Հյուսիսային Ամերիկայի հայոց արևմտյան թեմի նստավայրում տեղի ունեցավ հիմնադրամի մեկնարկի պաշտոնական արարողությունը։
Շուրջ 100 հրավիրյալներ, այդ թվում՝ թեմական բարերարներ, նվիրատուներ և Երևանի պետական համալսարանի շրջանավարտներ ներկա էին Արամայիս և Նաթելլա Պարոնյանների հովանավորությամբ կազմակերպված դրամահավաք-երեկոյին։ Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը, ԵՊՀ ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, բարերարներ Մայք և Էվելինա Սարեանները, ինչպես նաև թեմական խորհրդի նախագահ Վարդան Նազարեանը՝ տիկնոջ՝ Բերթա Նազերեանի հետ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Էմի Աշվանյանը։ Ելույթ ունեցավ նաև գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, ով անդրադարձավ Երևանի պետական համալսարանի հսկայական ներդրմանը Հայաստանի նորարարների և առաջնորդների ապագա սերնդի ձևավորման գործում: Կառավարման խորհրդի նախագահ Արմեն Բայբուրդյանը և ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը ևս հանդես եկան ելույթներով։
Միջոցառումը սկսվեց աղոթքով, որից հետո ներածական խոսքով հանդես եկավ թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը՝ «Քանի որ թեմն աջակցում է կրթության առաջխաղացմանը, մենք հետևողական եղանք Հայաստանում հարգանք վայելող Երևանի պետական համալսարանի նախաձեռնության հաստատմանը։ «Երևանի պետական համալսարանի բարեկամներ հիմնադրամի» ստեղծումը լայն հնարավորությունների փոքր մասն է միայն,- նշեց արքեպիսկոպոս Տէրտէրեանը։ Այնուհետև նա ներկայացրեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտ, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, ով 2021 թվականի դեկտեմբերի 17-ից համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից նշանակվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ հինգ տարի ժամկետով։
Սրտանց շնորհակալություն հայտնելով արքեպիսկոպոս Տէրտէրեանին և ԵՊՀ հիմնադրամի կառավարման խորհրդի անդամներին հրաշալի նախաձեռնության և աջակցության համար՝ ԵՊՀ ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խոսեց Հայաստանի համընդհանուր առաջընթացի գործում համալսարանի կենսական դերի մասին: «Ավելի քան 105 տարի ԵՊՀ-ն եղել է Հայաստանի զարգացման հիմնաքարը՝ տալով 150,000 շրջանավարտ, ովքեր ձևավորել են ազգի գիտական, քաղաքական և մշակութային պատկերը: Այսօր ԵՊՀ-ն սկսում է բարեփոխումների նոր փուլ՝ Հայաստանի մտավոր ներուժը ամրապնդելու համար: «Երևանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամը ստեղծվել է համալսարանի առաջընթացին նպաստելու և դրա շարունակական հաջողությունն ապահովելու նպատակով»,- նշեց Հ․ Հովհաննիսյանը:
Հիմնադրամը կհեշտացնի ժամանակակից սարքավորումների ձեռքբերումը, կրթաթոշակների և հրավիրյալ պրոֆեսորների ֆինանսավորումը, թույլ կտա նախաձեռնել նոր կրթական ծրագրեր և գիտահետազոտական նախագծեր, այդ թվում՝ նվիրված հայագիտական և տարածաշրջանային ուսումնասիրություններին, արցախագիտությանը, ինչպես նաև կխթանի միջազգային գիտաժողովների կազմակերպումը: Այն հնարավորություն կընձեռնի համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու գործընկեր բուհերի և գիտական կենտրոնների հետ, ինչպես նաև կապահովի ԵՊՀ գիտահետազոտական տարատեսակ առաջատար նախագծերի ֆինանսավորումը։
ԵՊՀ շրջանավարտների ցանցն իր հերթին նպաստավոր միջավայր կստեղծի «Երևանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամի հետագա աշխատանքների համար: Համալսարանն այժմ ունի 8000 շրջանավարտներից բաղկացած համայնք և ակտիվորեն աշխատում է նրանց համախմբելու ուղղությամբ: Շրջանավարտների ցանցի միջոցով համալսարանը հնարավորություն կունենա նախաձեռնել տարաբնույթ միջոցառումներ և կոնֆերանսներ Հայաստանում, ԱՄՆ-ում և այլուր, կաջակցի շրջանավարտների միջև կապերի հաստատմանը և կկազմակերպի ԵՊՀ շրջանավարտների ամենամյա ֆորում` նրանց համախմբելու նպատակով: ԵՊՀ շրջանավարտների ցանցի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
«Երևանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամի կառավարման խորհրդի անդամներն են՝
Տ. Յովնան Արք. Տէրտէրեան ԱՄՆ Արեւմտեան Թեմի Առաջնորդ
Արմեն Բայբուրդյան, կառավարման խորհրդի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան
Դոկտոր Հովհաննես Հովհաննիսյան, ԵՊՀ ռեկտոր
Միքայել Հովհաննիսյան, ԵՊՀ պրոռեկտոր, կառավարման խորհրդի քարտուղար
Հայկ Նազարեան, գանձապահ
Վարդան Նազերեան
Էմի Աշուանեան, Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավոր
Ռուբէն Աւշարեան,
Բարլո Տէր Մուկրտէճեան, պրոֆ․
Դր․ Վիկտոր Աղաջանեան
Յարութ Մարգարեան
Բժիշկ Սիլվա Կարայան
Դր․ Յարութ Եաղսէզեան դոկտ
Տիկին Սիլվանա Վարդանեան
Դր․ Քեն Կակոսյան
Տեր Մեսրոպ Աշ․
Վահե Սարգսյան
Ուրախությամբ ենք տեղեկացնում, որ դրամահավաքի ընթացքում հավաքվել է ավելի քան 205,000 ԱՄՆ դոլլար: Հատկանշական է նաև, որ Արևմտյան թեմը, թեմական առաջնորդի գլխավորությամբ, ունի Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու անվերապահ աջակցությունը։ Նշենք, որ դեռևս 2023 թվականին Արևմտյան թեմը և Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցին 100,000 ԱՄՆ դոլլար էին փոխանցել Արցախից բռնի տեղահանված համալսարանականների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով։
2024-2025 ուսումնական տարվա համար, վերոնշյալ նպատակով, Արևմտյան թեմը պատրաստվում է տրամադրել ևս 50․000 ԱՄՆ դոլլար։
«ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի, սպասվող ծրագրերի և անդամակցության հնարավորությունների մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել կազմակերպության պաշտոնական կայքէջ։
Ավելին՝ տեսանյութում։